Ազատ գետից ջրի տեղափոխման դեմ պայքարող գառնեցիներն այսօր՝ մայիսի 21-ին, առավոտից կրկին փակել են գյուղ տանող գլխավոր ճանապարհը: Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գառնիի բնակիչներից տիկին Արուսյակը, «Քաղցրաշենի ինքնահոսի ոռոգման ծրագիրը» մինչեւ չեղյալ չհայտարարվի, չեն պատրաստվում բացել ճանապարհը. «Նաեւ պահանջում ենք Ազատի կիրճից հանել շինարարական տեխնիկան: Այսօր էլի այստեղ ենք մնալու այնքան, մինչեւ մեր պահանջը կատարեն»:
Նշենք, որ մայիսի 20-ին գառնեցիները նույն պահանջով համարյա 1 օր փակ պահեցին Երեւան-Գառնի ճանապարհը, այն բացեցին ուշ երեկոյան՝ անձրեւի պատճառով: Ազատ գետից ջրի տեղափոխման դեմ պայքարող գառնեցիների հետ հանդիպման էր գնացել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, սակայն, գյուղացիները չէին համաձայնել նրա հետ գյուղապետարանում քննարկել խնդիրը:
Մարզպետը գյուղացիներին հյատնել էր, որ այսօր սպասվում է վարչապետի այցը Գառնի:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին, շինարարական ծանր տեխնիկան կրկին մտցվել է Ազատի կիրճ:
Գառնեցիներն արդեն 2 տարի պայքարում են Կառավարության որոշումը չեղյալ համարելու համար, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնիի հեթանոսական տաճարի տակից վերցնել խողովակներով տեղափոխել Արտաշատի 12 գյուղեր:





























