Ուժեղ պետությունը պետք է ունենա ուժեղ բանակ եւ ազգային արժեհամակարգի հենքի վրա գործող ժամանակակից քաղաքական, հասարակական եւ տնտեսական համակարգեր: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԼՂՀ-ում Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Ջերմորեն ողջունում եմ հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ համաժողովի մասնակիցներին եւ հյուրերին: Ուրախ եմ, որ Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությանը արձագանքել եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հավաքվել են Հայաստանի եւ Արցախի խորհրդարաններում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչները:

Երկու հայկական պետությունների հետագա ամրապնդման համար հույժ կարեւոր են հետագա ժողովրդավարացման, պետական կառավարման համակարգերի արդյունավետության բարձրացման, մարդու իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված հետեւողական եւ համակարգված ջանքերը, որոնց հիմնական իրագործողները քաղաքական կուսակցություններն են:

Տեղյակ եմ, որ համաժողովի մասնակցության հրավերին արձագանքել են քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ, որոնք ունեցել են եւ ունեն տարբեր հայացքներ, տարբեր մոտեցումներ զանազան հարցերի շուրջ, սակայն պատրաստակամություն են հայտնել միասնաբար նախանշել ուղիներ հասարակության ներսում քաղաքական կուսակցությունների գործունեության, տեղեկատվության, քաղաքացիական հասարակության ու արտաքին կապերի, Լեռնային Ղարաբաղի խնդրին առնչվող եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Համոզված եմ, որ նման ձեւաչափը քաղաքական կուսակցություններին հնարավորություն կընձեռի ներկուսակցական դիրքորոշումների հիման վրա ամրագրել նաեւ միասնական համազգային դիրքորոշումեր: Առավել եւս, որ շաբաթներ առաջ Լեռնային Ղարաբաղի սահմանագծում ընթացող ռազմական գործողությունները հերթական անգամ ապացուցեցին համազգային միասնականության ներուժը եւ մեր ժողովրդի՝ ազատ ապրելու եւ այդ ազատությունը պաշտպանելու վճռականությունը: Ուժեղ պետությունը պետք է ունենա ուժեղ բանակ եւ ազգային արժեհամակարգի հենքի վրա գործող ժամանակակից քաղաքական, հասարակական եւ տնտեսական համակարգեր:

Կրկին ողջունելով հայկական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին՝ համաժողովին մաղթում եմ արգասաբեր աշխատանք: