Թուրքիայի Ադանա եւ Մերսին նահանգների ոստիկանության համատեղ «40 ավազակներ» գործողության ընթացքում 5 նահանգներից բերման են ենթարկվել 40 հոգի, այդ թվում` նրանց պարագլուխը:
Թուրքական Turkiye թերթի փոխանցմամբ` Ադանայի եւ Մերսինի ոստիկանությունը ստացված տվյալների համաձայն, ամիսներ առաջ սկսել էր հետեւել հանցագործ մի խմբավորման: Այդ ընթացքում հայտնի էր դարձել, որ հանցավոր խմբավորումը զբաղվել է թմրաբիզնեսի անօրինական առեւտրով, կանանց եւ աղջիկներին դրդել մարմնավաճառության, շատ բարձր տոկոսով պարտքով գումար տվել քաղաքացիներին, իսկ ուշացնելու դեպքում` ծեծել եւ խլել ունեցվածքը, Ադանայի եւ Մերսինի գիշերային ակումբներից գումարներ շորթել:
Ոստիկանության գործողությունների ընթացքում 40 ձերբակալվածներից բացի, առգրավվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերթ եւ 8 կգ թմրանյութ:




























