Պետությունը փորձում է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկություններին: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ»՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը կարեւորել է մեր երկրում նման խոշոր օտարերկրյա ներդրումային ծրագրի իրականացումը, որը կնպաստի հանքարդյունաբերության զարգացմանն ու տնտեսական աճին: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում եւ հաշվի առնելով միջազգային շուկայում գների անկումը՝ պետությունը փորձում է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ոլորտի ձեռնարկություններին:

Հովարդ Սթիվենսոնը տեղեկացրել է, որ արդեն իսկ հաստատվել է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման փաթեթը եւ նախատեսվում է շինաշխատանքները սկսել առաջիկա ամիսներին: Պարոն Սթիվենսոնը նշել է, որ ծրագրի իրականացման համար նախատեսված շուրջ 400 մլն դոլարի ներդրումը վկայում է պետության եւ իրականացվող տնտեսական քաղաքականության նկատմամբ ունեցած վստահության մասին:

Զրուցակիցները քննարկել են ծրագրի աշխատանքների ընթացքին եւ հետագա քայլերին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաեւ երկուստեք կարեւորել բնապահպանական կառավարման ուղղությամբ աշխատանքների շարունակական իրականացումը: