Եվրոպայի խորհրդին անդամակցումը մեծ եւ պատասխանատու քայլ էր Հայաստանի համար: Այս մասին Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյա հոբելյանի առթիվ արված հայտարարությունում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ստորեւ ներկայացնում ենք նրա հայտարարությունը.
«Այս տարի լրանում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյա հոբելյանը։ 2001թ. Եվրոպայի խորհրդին անդամակցումն, իսկապես, մեծ եւ պատասխանատու քայլ էր մեր պետության համար։ Տասնամյա նորանկախ պետությունը մաս էր կազմելու մի կազմակերպության, որն իր մեջ ներառում է գրեթե ողջ Եվրոպան, ունի հարուստ պատմություն, ավանդույթներ եւ բոլոր անդամների համար ընդհանուր հանձնառությունների վրա հիմնված արժեհամակարգ: Ընդ որում անդամակցում էր ոչ թե զուտ այն հանգամանքի բերումով, որ մայրցամաքի մաս էր կազմում, այլ քանի որ ստանձնում էր մի շարք պարտավորություններ, որոնք կազմում են Եվրոպայի խորհրդի հիմնասյուները մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության, օրենքի գերակայության ու ժողովրդավարության ոլորտներում: Այսուհետ Հայաստանը Եվրոպական մեծ ընտանիքի անդամ դառնալու հայտ էր ներկայացնում` ոչ միայն իր պատմությամբ ու մշակույթով, որոնք, անկասկած, Եվրոպայի անքակտելի մասն են կազմում, այլեւ այդ արժեհամակարգի նկատմամբ հավատարմությամբ:
Տարիների խորքից նայելով Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր Հայաստանի անցած ճանապարհին` անվերապահ կարելի է նշել, որ Հայաստանը պատվով կատարեց իր առջեւ դրված առաքելությունը: ԵԽ-ին Հայաստանի անդամակցությամբ նախատեսված իրավական պարտավորությունները վերաբերում էին մի շարք կոնվենցիաների ստորագրմանը, օրենքների ընդունմանը կամ լրամշակմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ այլն։ Հենց այս պարտավորությունների հիմքով է ստեղծվել, օրինակ, մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, ներդրվել այլընտրանքային ծառայությունը։
Արժանահիշատակ է Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցությունը Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ։ Այս առումով կցանկանայի հատկապես ընդգծել նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանում կայացած սահմանադրական բարեփոխումների շուրջ Հանձնաժողովի հետ մեր սերտ փոխգործակցությունը, որի արդյունքում այս հեղինակավոր կառույցի կողմից բարեփոխումների նախագիծը գնահատվեց որպես «չափազանց բարձր որակի» եւ «միջազգային չափանիշներին համապատասխան»։
Հայաստանն, իսկապես, լուրջ առաջընթաց է գրանցել իր ստանձնած պարտավորությունների կատարման հարցում։ ԵԽ-ն բազմիցս է նշել այս փաստը եւ ընդգծել, որ մեր երկիրը վստահ քայլերով ամրապնդում է իր ժողովրդավարությունը։ Կառույցը հետեւողականորեն դիտարկում է Հայաստանում ընթացող գործընթացները, բարեփոխումները մոնիտորինգային մարմինների՝ ԵԽ նախարարների կոմիտեի ու ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքի միջոցով։ Միայն վերջերս ԵԽ նախարարների կոմիտեն որոշում ընդունեց Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, որտեղ ողջունեց մեր երկրի կողմից գրանցված կայուն առաջընթացը եւ Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված հետագա բարեփոխումները։ Անդամակցության 15 տարիների ընթացքում Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի, դրա տարբեր կառույցների անբաժանելի մասը եւ ակտիվ դերակատարը։ Եվրոպայի խորհրդի շրջանակներում, որպես դրա անդամ, Հայաստանն օգտվում է կազմակերպության ներկայացրած հնարավորություններից՝ առաջ մղելու մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող բարեփոխումները, որոնք հիմնված են մեր գերակայությունների վրա եւ ծառայում են մեր ժողովրդի շահերին:
Այս առումով համագործակցության տարբեր մեխանիզմների շնորհիվ իրականացվել են մեծ թվով ծրագրեր: Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ Գործողությունների ծրագրերը գործնականորեն ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Պատահական չէ, որ այսօր ազդարարավելու է Գործողությունների արդեն երրորդ ծրագրի մեկնարկը: Այն ներառում է տասնյակ նախագծեր՝ արդարադատության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների եւ ժողովրդավարական կառավարման ոլորտներում։ Ինչպես նախորդներում, այնպես էլ այս Գործողությունների ծրագրում մեծ է Եվրոպական միության ներդրումը, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ մեր գործընկերներին։
Սոֆիայում կայացած ԵԽ նախարարների կոմիտեի 126-րդ նիստին քննարկված կարեւոր հարցերից էր, թե՝ «ինչպես ապահովել մարդու իրավունքները հակամարտության շրջաններում»։ Սա, հիրավի, կարեւոր նախաձեռնություն է՝ ուղղված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությանը։ Բնական է, որ Եվրոպայի խորհուրդը, որպես այս ուղղությամբ կարեւոր դերակատարություն ունեցող կազմակերպություն, պետք է շահագրգռված լինի եւ ջանքեր գործադրի, որ իր դավանած սկզբունքները, համաեվրոպական արժեքները եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված անհատների իրավունքները տարածվեն իր ազդեցության ողջ գոտում բնակվող բոլոր մարդկանց վրա՝ անկախ նրանց բնակության վայրի կարգավիճակից: Մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային հրամայական է, որը չունի ազգային, պետական երանգներ, չի ճանաչում սահմաններ։ Այս առումով մենք կարեւորում ենք նմանօրինակ վերջին նախաձեռնությունները՝ քննարկելու հակամարտության գոտիներում մարդու իրավունքների պաշտպանության թեման, որոնցից ես կարժեւորեի ԵԽ գլխավոր քարտուղարի արտահայտած կարեւոր տեսակետները։
Չի կարելի թերագնահատել հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց համար միջազգային կազմակերպությունների, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների դերակատարությունը։ Ի վերջո հենց մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանությունն ու հարգանքն է ընկած շատ հակամարտությունների լուծման առանցքում։ Այս առումով Եվրոպայի խորհուրդը կարեւոր առաքելություն պետք է իրականացնի։
Եվրոպայի խորհրդում Հայաստանի անդամակցության տասնհինգ տարիները նշանավորվել են մեր երկրում իրականացվող բարեփոխումներում եւ եվրոպական արժեհամակարգի որդեգրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում Եվրոպայի խորհրդի հետ մշտական ու սերտ համագործակցությամբ, ինչպես նաեւ՝ կազմակերպության կառույցներում Հայաստանի ակտիվ ու արդյունավետ ներգրավվածությամբ։ Համոզված եմ, որ այս բեղմնավոր փոխգործակցության ավանդույթները կշարունակեն ամրապնդվել եւ ընդլայնվել։





























