«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2008թ. մարտի 1-ի սպանությունների հանգամանքների ուսումնասիրության փաստահավաք լուծարված խմբի ընդդիմադիր անդամներին մեղադրել է ստախոսության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման նպատակով ստեղծված եւ հետո լուծարված փաստահավաք խմբի անդամներ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը ԱԺ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովին էին ներկայացրել իրենց 4-րդ զեկույցը, որտեղ նշել էին, որ պաշտպանության նախարարությունից Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանին, Գագիկ Ծառուկյանին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ԱԺ պատգամավորներ Լեւոն Սարգսյանին, Առաքել Մովսիսյանին, Սամվել Ալեքսանյանին, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանին, Երեւանի ներկայիս քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին 950 հատ զինվորական համազգեստ են տրամադրել՝ ապօրինի զինված խմբեր հանդերձելու եւ խաղաղ ցուցարարների դեմ օգտագործելու համար:
«Բարգավաճ Հայաստան»- ն այսօր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «2009թ-ի օգոստոսի 28-ին մամուլում տեղ են գտել հրապարակումներ, որոնք ներկայացրել են նախկին փաստահավաք խմբի անդամներ Ա. Ք.-ն ու Ս. Ս.-ն, առ այն, որ 2008թ-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների եւ պատգամավորների տրամադրվել է զինվորական հանդերձանք` իբր թե այդ օրը մայրաքաղաքում տեղ գտած հրկիզումների եւ թալանի հրահրման նպատակով: Բարձրաստիճան պաշտոնյաների եւ պատգամավորների թվում հիշատակվել է նաեւ Գագիկ Ծառուկյանի անունը»:
Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակը հայտարարել է, որ «հրապարակված տեղեկությունները բացարձակապես սուտ են եւ չեն համապատասխանում իրականությանը»: «Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատից որեւէ մեկը որեւէ կերպ մարտի 1-ի դեպքերին ներգրավված չի եղել: Նման կեղծ եւ ստահոդ տեղեկություններ տարածողները փորձում են հասարակության ուշադրությունը շեղել մարտի 1-ի ողբերգական դեպքերի իրական պատասխանատուներից, տարաբնույթ հերյուրանքների միջոցով վարկաբեկել Գագիկ Ծառուկյանի բարի անունն ու պատիվը», ասված է ԲՀԿ հաղորդագրության մեջ:




























