Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, փոփոխական ամպամածությամբ եղանակը Երեւանում կպահպանվի. ջերմաստիճանը երեկվա համեմատությամբ կնվազի 4-5 աստիճանով։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեղեկություններ տրամադրեց «Հայպետհիդրոմետ» օդերեւութաբանական ծառայության օպերատիվ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը։

Նրա տեղեկացմամբ, այսօր հանրապետության հովտային շրջաններում կգրանցվի առավելագույնը +24 +25 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում՝+18 +20 աստիճան։ «Վաղը՝ հոկտեմբերի 2-ին, երկրի հյուսիսային շրջաններում հնարավոր են տեղումներ, երեկոյան ժամերին տեղումների հավանականություն կա նաեւ Երեւանում։ Վաղն օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպամածության ավելացում։ Հաջորդ երկու օրերին հանրապետությունում կգրանցվի ամպամած եղանակ, ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրեւ, ամպրոպ, քամու ուժգնացում 15-20 մետր վայրկյանում»,- նշեց Զարուհի Պետրոսյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ այս գիշեր ջերմաստիճանը ամենուրեք բավականին բարձր է եղել. մայրաքաղաքում՝ +20 աստիճան, «Սակայն առաջիկա գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչեւ +13 +14 աստիճան, իսկ առաջիկա օրերին կիջնի մինչեւ +11 աստիճան»,- նկատեց նա։

Ամփոփելով՝ «Հայպետհիդրոմետ»-ի ներկայացուցիչը նշեց, որ հոկտեմբերի 3-ին եւ 4-ին Երեւանում կգրանցվի +21 +23 աստիճան տաքություն։