Թուրքիայի Մալաթիա քաղաքում անցկացվելիք փառատոնը կլինի ոչ թե «Ոսկե Ծիրան», այլ «Բյուրեղապակե Ծիրան»։ Այս մասին հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երեւանյան «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը։
«Երբ իմացանք, որ Մալաթիայի կինոփառատոնն էլ է կոչվելու «Ոսկե Ծիրան» անմիջապես կապ հաստատեցինք փառատոնի նախագահի հետ։ Ու թեեւ մրցանակների առումով հեղինակային իրավունք չի պաշտպանվում, սակայն մենք գրեցինք, որ հարցն այստեղ ոչ այնքան իրավական է, որքան բարոյական։ Ըմբռնումով մոտեցան եւ համաձայնվեցին փոխել ու իրենց սեփական մրցանակը ստեղծել, որը կոչվելու է «Բյուրեղապակյա ծիրան»,-ասաց Ստամբոլցյանը։
Կինոգետի խոսքով, թուրքերը չէին կարող հրաժարվել ծիրանից, որովհետեւ փառատոնը հիմնվել է Մալաթիայի ծիրանի բորսան գովազդելու համար, որն աշխարհում ամենամեծերից մեկն է եւ նրան է պատկանում ծիրանի վաճառքի 70-80 տոկոսը։
Նշենք, որ մեկ ամիս առաջ թուրքական լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, որ նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը Թուրքիայի Մալաթիա նահանգում անցկացվելու է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոն, ինչի անունը վրդովվեցրել էր երեւանյան «Ոսկե Ծիրանի» կազմակերպիչներին եւ նրանք դիմել էին թուրքերին՝ փոխելու փառատոնի անվանումը:




























