Հոկտեմբերի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուխտային (Иван Кухта)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Է. Նալբանդյանը, շնորհավորելով դեսպան Կուխտային նշանակման կապակցությամբ, հույս է հայտնել, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում:
Դեսպան Կուխտան, նշել է, որ Ուկրաինան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացմանը: Նա կարեւորել է Ուկրաինայի հայ համայնքի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Կուխտան մտքեր են փոխանակել հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների, նոյեմբերին Հայաստանի ԱԳ նախարարի հրավերով Ուկրաինայի ԱԳ նախարարի Երեւան կատարելիք այցի, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի, Հայաստանում եւ Ուկրաինայում փոխադարձ մշակույթի օրերի անցկացմանն առնչվող հարցերի շուրջ:




























