Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանին ու նրա կնոջը վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող վարորդը՝ Գեւորգ Գեւորգյանը պնդում է, որ ինքը դեպքից վայրից փախուստի չի դիմել, պարզապես եղբայրն է ներկայացել` որպես վարորդ:

«Ես անմիջապես իջել եմ մեքենայից, մոտեցել նրանց, ուզում էի «Շտապօգնություն» կանչել, բայց արդեն կանչել էին, ես էլ զանգեցի եղբորս: Մոտ տասը րոպեից նա եկավ, ես բենզալցակայանի մոտ էի կանգնած, ասաց` դու ընտանիքի տեր ես, երեխա ունես, ես իմ վրա կվերցնեմ, էդպես էլ արեցինք: Ես մինչեւ վերջ այնտեղ եմ եղել, սակայն ոչ ոք չի իմացել, որ վարորդը ես եմ եղել, բացի մեկից, որը հենց դեպքը եղավ, գոռաց Մհեր ու մոտեցավ մեզ»,- այսօր` մայիսի 24-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ցուցմունք նշեց Գեւորգ Գեւորգյանը:

Ամբաստանյալը պատմեց, որ ինքը մեքենան վարել է առավելագույնը 50 կիլոմետր ժամ արագությամբ, հորդ անձրեւ էր տեղում, իսկ հանդիպակաց եկող մեքենան շլացրել է աչքերը մի քանի վայրկյան, որից հետո ինքը վրաերթի է ենթարկել Մկրտումյաններին: Գեւորգ Գեւորգյանը պնդեց, որ ամեն ինչ այնքան արագ է տեղի ունեցել, որ ինքը չի հասցրել ոչինչ անել: Կողմերի հարցին, թե քանի վայրկյան է եղել շլացումը` ամբաստանյալը պատասխանեց 2-4 վայրկյան: Նշենք, որ իր նախաքննական ցուցմունքում նա ասել էր` 6-7 վայրկյան: Դատավոր Մեսրոպ Մակյանի հարցին, թե ըստ օրենքի, շլացման դեպքում վարորդը պարտավոր է կանգնեցնել մեքենան, ինքը դա արե՞լ է, Գեւորգյանը պատասխանեց. «Չէ, ամեն ինչ էնքան արագ կատարվեց... Դրանից հետո էլ ես մտածում էի մենակ տուժածների մասին, հետո եղբայրս եկավ, ներկայացավ` որպես վարորդ: Նոր տարուց հետո արդեն ես ինքնակամ գնացի ոստիկանություն եւ խոստովանեցի կատարածս, քանի որ չէի ուզում եղբայրս իմ փոխարեն պատասխան տար, գիտեի, որ մեկ ա` մի օր պարզվելու ա ամեն ինչ: Բայց ես դեպքի վայրից չեմ գնացել, էնտեղ եմ եղել, ուրիշ հարց է, որ չեն իմացել, որ վարորդը ես եմ»,- նշեց ամբաստանյալը:

Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը):

«Վրաերթի ես եմ ենթարկել, բայց դեպքի վայրը ես չեմ թողել, ամբողջ ընթացքում էնտեղ եմ եղել, փորձել եմ օգնել»,- ասաց նա:

Տուժած Գայանե Մադաթյանի հարցին, թե կոնկրետ ինչ օգնություն է ինքը ցուցաբերել, ամբաստանյալը պատասխանեց. «Մոտեցա, որ շրջեմ նրան, չթողեցին, հետո գնացել եմ հիվանդանոց, բայց ներս չմտա, իմացա, որ վերակենդանացման բաժանմունքում են: Հետո իմ հարազատները փորձել են իրենց սանիկի միջոցով ընտանիքի հետ կապ հաստատել, սանիկն ասել էր` կզանգի ու էդպես էլ չզանգեց: Մենք նաեւ Գայանեենց գյուղ ենք գնացել»:

Գայանե Մադաթյանը, սակայն, նշեց, որ կապ հաստատելու փորձեր արվել են դեպքից հինգ- վեց ամիս անց:

Նշենք, որ ամուսինները վրաերթի էին ենթարկվել 2015թ. հոկտեմբերի 25-ին: Նրանք գանգուղեղային ծանր վնասվածքներ եւ բազմակի ոսկրային կոտրվածքներ էին ստացել: Հիվանդանոցում օրեր անց Մհեր Մկտրումյանը մահացել էր, կինը մոտ մեկ ամիս անց ապաքինվել, դուրս էր գրվել հիվանդանոցից:

Ըստ մեղադրանքի Գեւորգ Գեւորգյանը թույլ է տվել խախտում, հանդիպակաց ուղեմասով ընթացող ավտոմեքենաների լույսերից շլացած վիճակում շարունակել է երթեւեկությունը, ժամանակին կատարված արգելակումով չի կանգնեցրել ավտոմեքենան, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում չի նկատել Վարդանանց փողոցի 69/5 հասցեի դիմացի ճանապարհահատվածով` իր երթեւեկության նկատմամբ աջից դեպի ձախ փողոցը հատող հետիոտններ Մհեր Մկրտումյանին եւ Գայանե Մադաթյանին, վրաերթի է ենթարկել նրանց: