Այսօր` հոկտեմբերի 1-ին կառավարությունում կայացել է հայագիտության հարցերով խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը կարեւորել է հայագիտության ոլորտի զարգացման հստակ ռազմավարության մշակումը։

Խորհրդի անդամները քննարկել են «Հայագիտության հայեցակարգը» ու «ՀՀ հայագիտության ոլորտի զարգացման 2010-2025թթ. ռազմավարությունը»` մշակված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից։ Այնուհետեւ ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց մեկնաբանություններն ու առաջարկություններն են ներկայացրել փաստաթղթերում արծարծված հարցերի եւ ընդհանրապես հայագիտության ոլորտում առկա հիմնախնդիրների վերաբերյալ։ Մասնավորապես, կարեւորվել են սփյուռքում գործող հայագիտական կենտրոնների հետ կապերի հաստատումը եւ զարգացումը` խորհրդի կազմում նրանց ներգրավմամբ, գոյություն ունեցող հայագիտական կենտրոններին աջակցության տրամադրումը, խորհրդի կազմում աշխատանքային խմբի ստեղծումը եւ մի շարք այլ հարցեր։

Ամփոփելով հնչած կարծիքները եւ նկատառումները` Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի ներկայացված հայեցակարգի լրամշակմամբ` սահմանելով հայագիտության նպատակները եւ դրանցից բխող առաջնահերթ խնդիրները։

Կառավարության ղեկավարը կարեւորել է նաեւ խորհրդի կազմում բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավումը` հաշվի առնելով քննարկման ժամանակ հնչեցված առաջարկությունները։