Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը:
ԱԱԽ քարտուղարի մամուլի ծառայությունին NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Հայաստան-Եվրամիություն 2009-2011 թվականների գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր, մասնավորապես` կարեւորվել է Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի գործունեության ժամկետի երկարաձգումը:
Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ԱԱԽ նիստում հավանության է արժանացել Սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունը: Երկուստեք կարեւորվել է Եվրամիության աջակցությունը Հայաստանին եւ Հարավային Կովկասի երկրներին սահմանային ենթակառուցվածքների զարգացման գործում:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերի: Արթուր Բաղդասարյանն անընդունելի է համարել տարածաշրջանային ծրագրերից Հայաստանը դուրս մղելու` Թուրքիայի եւ Ադրբեջանի գործելաոճը:
Քննարկվել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող այլ խնդիրներ, ասվում է ԱԱԽ մամուլի գրասենյակի հաղորդագրության մեջ։




























