Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին իր համակիրների հետ այսօր՝ հոկտեմբերի 1-ին իրականացրել է ուրբաթօրյա նամազը` հայկական Անիի Մայր տաճարում։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ նամազից հետո ելույթ ունեցած Դեւլեթ Բահչելին քննադատության է ենթարկել թուրքական իշխանություններին՝ մեղադրելով Աղթամարում եւ Սումելայում իրականցված պատարագների համար։
Թուրք աազգայնականը նախատեսում է մինչ Անկարա վերադառնալը, այցելել Կարս, Արդահան եւ Իգդիր։
Նշենք, որ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը որոշում էր կայացրել թույլ տալ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելիին եւ նրա կուսակցության 40 նահանգային կառույցների ղեկավարներին՝ հոկտեմբերի 1-ին, Անիի Մայր տաճարում ուրբաթօրյա նամազ իրականացնել:
Շատ մասնագետների կողմից հայկական ճարտարապետության զարդը համարվող Անիի Մայր տաճարի շինարարությունն սկսվել է հայոց արքա Սմբատ 2-րդի օրօք՝ 989 թվականին եւ ավարտվել Գագիկ 1-ինի օրոք՝ նրա կնոջ՝ Կատրամիդե թագուհու օժանդակությամբ 1001 թվականին։ Անիի մայր տաճարի ճարտարապետն էր Տրդատը, ով նաեւ վերակառուցել էր Կոստանդնուպոլսի Ս. Սոֆիա տաճարի գմբեթը:





























