50 հասարակական կազմակերպություններ հոկտեմբերի 1-ին Վրաստանի խորհրդարանի առջեւ սահմանադրական փոփոխությունների դեմ հերթական  ակցիան են անցկացրել։

Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, հավաքվածները պահանջում են հասարակական քննարկումներ անցկացնել նոր սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, ոմանք էլ պահանջել են դադարեցնել այդ նախագծի քննարկումները:

«Առաջնահերթությունը՝ մարդու իրավունքներին» ՀԿ նախագահ Լիա Մուխաշվարիան ասել է, որ սահմանադրական նոր փոփոխությունների նախագիծը հասարակական քննարկումների չի ենթարկվել։ Նա անթույլատրելի է համարել սահմանադրական նոր փոփոխությունները, քանի որ այն չի վայելում ժողովրդի աջակցությունը։

«Օրինագիծը գաղտնի է պահվում, այն նույնիսկ հրապարակված չէ օրենսդիր մարմնի կայքում։ Հույս ունեմ, որ օրինագծին կողմ չի արտահայտվի խորհրդարանական ընդդիմությունը»-ասել է նա։

Բողոքի ակցիաներ անցկացվում են ոչ միայն Թբիլիսիում, այլեւ Վրաստանի այլ շրջաններում։