Թուրքական կառավարությանը պետք էր, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչը տեղադրվեր առանց հայերի ներկայության. դա շատ կարեւոր էր։ Նման դիտարկում արեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի երեկ երեկոյան եկեղեցու գմբեթին խաչի տեղադրման փաստը։
Նրա խոսքով, խաչի տեղադրումը պատարագի արարողությունից առաջ կամ հետո խիստ հուզական երանգ կունենար։ «Թուրքական կողմը չէր կարող հաշվի չառնել սա։ Նրանց համար շատ կարեւոր էր, որ Վանի Սուրբ Խաչ եկեղեցու խաչի տեղադրումը զուտ մեխանիկական բնույթ կրեր»,- կարծիք հայտնեց Դեմոյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ թուրքերը երկրորդ շոուն կազմակերպեն արդեն խաչի տեղադրման առիթով, Ցեղասպանոթյան թանգարան-ինստիտուտի տնօրենը նկատեց. «Եթե ուզում են ծիծաղելի իրավիճակում հայտնվել, թող փորձեն, որովհետեւ դրա իմաստը պարզապես չկա։ Սրան կարելի է միայն հեգնանքով վերաբերել»,-ամփոփեց Դեմոյանը:
Նշենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագը տեղի էր ունեցել սեպտեմբերի 19-ին։




























