Արարատյան դաշտի Վեդիի ջրամբարի շինարարությունը կսկսվի 2016 թվականի աշնանը: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվություն ներկայացնելիս այս մասին նշեց Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը:

Հիմա կապալառուի ընտրություն է կատարվում, այդ պատճառով ակնկալվում է շինարարությունը սկսել սեպտեմբեր-նոյեմբերին:

Ջրամբարը նախատեսված է երկրի կարեւոր գյուղատնտեսական շրջանի՝ Արարատյան դաշտի ավելի քան 4 հազար հեկտար հողատարածքների ոռոգման համար: Ըստ նախարարի, 2.8 հազար հեկտարի մեխանիկական ոռոգումն էլ կփոխարինվի ինքնահոս ոռոգման համակարգով, ինչը թույլ կտա շուրջ 12 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա խնայել:

Շինարարության համար վարկը՝ 75 մլն եվրոյի չափով, կտրամադրի Զարգացման ֆրանսիական գործակալությունը: