Հոկտեմբերի 4-22-ը Մեքսիկայի Գուադելախարա քաղաքում կկայանա Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) լիազոր համաժողովը, որին կմասնակցի Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Վալտեր Մարությանի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը NEWS.am-ին հայտնում է, որ ՀՄՄ լիազոր համաժողովը միության քաղաքականություն մշակող բարձրագույն մարմինն է: Այն անցկացվում է յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ եւ ձեւավորում է ՀՄՄ ընդհանուր քաղաքականությունը, ընդունում քառամյա ռազմավարական եւ ֆինանսական պլանները, ընտրում կազմակերպության բարձրաստիճան ղեկավար կազմին,  Ռադիոկանոնակարգման խորհրդի անդամներին:

Լիազոր համաժողովի ընթացքում ՀՄՄ անդամ-պետությունների կողմից  կընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք կնպաստեն ամբողջ աշխարհում  կապի եւ տեղեկատվայնացման զարգացման ապահովմանը, ինչպես նաեւ հնարավորինս մեծ չափով դրական ազդեցություն կունենան ոլորտի համընդհանուր առաջընթացի համար:

ՀՄՄ սեկտորային անդամները (ճանաչված օպերատորական գործակալությունները, գիտական եւ արդյունաբերական կազմակերպությունները, միջազգային բնույթի ֆինանսական կամ զարգացման հաստատությունները եւ կազմակերպությունները) դիտորդի կարգավիճակով նույնպես կմասնակցեն համաժողովին:

ՀՄՄ լիազոր համաժողովը կարեւոր միջոցառում է նաեւ կապի եւ տեղեկատվայնացման բնագավառում գործող առաջատար ընկերությունների հետ գործնական պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: