«Ոսկե Ծիրան» կինոփառատոնն արժանացել է գլխավոր մրցանակի FICTS -ի կողմից` FICTS PLATE D’HONNEUR 2010:  FICTS-ը Կինոյի, հեռուտատեսության եւ սպորտի միջազգային դաշնությունն է, որը  միավորում է 103 երկրներ եւ հանդիսանում է Միջազգային օլիմպիական կոմիտեի հանձնաժողովի անդամ «Մշակույթի եւ օլիմպիական կրթության» ոլորտում: 

FICTS PLATE D’HONNEUR 2010 մրցանակը շնորհվում է սպորտի, հեռուստատեսության, կինոյի, լրագրության եւ շոուների ոլորտում գործող այն կազմակերպություններին, որոնք նշանակալի դեր են խաղացել նշված բնագավառների արժեքների խթանման գործում:

Այս պատվավոր մրցանակը «Ոսկե Ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնին կհանձնվի 28-րդ «Միլանի միջազգային FICTS փառատոնի» ընթացքում, որը միջազգային միջոցառում է` նվիրված կինոյին, հեռուստատեսությանը եւ սպորտային մշակույթին: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին Պալացցո Ջուրեկոնսուլտիում աշխարհի մի շարք հեռուստատեսությունների եւ կարեւորագույն թերթերի ներկայացուցիչների ներկայությամբ: