Հոկտեմբերի 14-ին Փարիզի Լուվրի թանգարանում բացվելիք «Ձայնակարգություն. ժամանակակից ռուսական արվեստ» ցուցահանդեսի շուրջ սկանդալ է հասունանում:
Բանն այն է, որ ցուցահանդեսին ներկայացվելու է նկարիչ Ավդեյ Տեր-Օհանյանի կտավը, որը կոչ է անում ոտնձգություն կատարել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի կյանքի դեմ: Այդ աշխատանքը բուռն բողոքի ալիք է բարձրացրել ռուսական կողմում:
1999-ին Չեխիա արտագաղթած Տեր-Օհանյանի էպատաժային այս աշխատանքում պատկերված է սեւ ուղղանկյուն` կարմիր ֆոնի վրա: Ուղղանկյան աջ կողմում փոքրիկ սպիտակ կետ է, ներքեւում տեքստ. «Այս ստեղծագործությունը կոչ է անում ոտնձգություն կատարել պետական գործիչ Վ. Վ. Պուտինի կյանքի դեմ` նրա պետական եւ քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով»:
Մոսկվան դրանում պետական հեղաշրջման կոչ է տեսել եւ դեմ է հանդես եկել այդ կտավի ցուցադրությանը, որը բազմիցս է ներկայացվել է Ռուսաստանում եւ արտասահմանում:
Իր հերթին, թանգարանն սպառնացել է չեղյալ համարել ցուցահանդեսը, որը նախատեսված է Ֆրանսիայում Ռուսաստանի տարվա շրջանակներում, եթե Տեր-Օհանյանի ստեղծագործությունը չթույլատրեն ներկայացնել Լուվրում, հաղորդում է Deutsche Welle-ն:
Ավելի վաղ, Ռուսաստանի մշակույթի նախարարությունը հայտարարել էր, որ Տեր-Օհանյանի ստեղծագործությունը կարող է ընկալվել որպես բռնության կոչ: Հայտնի պատկերասրահագետ Մարատ Գելմանն էլ gzt.ru ինտերնետային պորտալին հայտնել էր, որ իրեն հաջողվել է համոզել նախարարությանը` վերացնել գրաքննությունը եւ որ Տեր-Օհանյանի բոլոր 4 նկարներն արդեն ուղարկվել են Փարիզ:
Տեր-Օհանյանի ստեղծագործությունն արգելելու որոշումից հետո, 8 ռուս նկարիչներ հրաժարվել են մասնակցել ցուցահանդեսին: Իրենց բաց նամակներում նրանք իրենց արեւմտյան գործընկերների ուշադրությունն են հրավիրել Ռուսաստանում գեղարվեստական գրաքննության առկայության վրա, մասնավորապես, այնպիսի նկարիչների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վրա, ինչպիսին է Օլեգ Մավրոմատին, հաղորդում է Lenta.ru-ն:
(Լուսանկարում Մարատ Գելմանի «Արմատական էքսպրեսիոնիզմ» շարքի երկու աշխատանքներն են):




























