«168 ժամ»-ը գրում է մի երեւույթի մասին, որով, ըստ պարբերականի, արդեն երկար ժամանակ վարակվել է հայ երիտասարդության զգալի հատվածը: Խոսքը «ԷՄՈ» կոչվող սատանիստական փիլիսոփայության մասին է, որը տարածում է ստացել դեռահասների շրջանում եւ մեր ոչ այնքան մեծաթիվ ազգաբնակչության համար իսկական հոգեւոր եւ ֆիզիակական աղետի կարող է վերածվել: Այս շարժման «գաղափարախոսության» հիմքում, թերթի տեղեկացմամբ, դրված է ինքնասպանության մոլուցքը, այդ ճանապարհով հասարակությանը, ընկերներին եւ սեփական մտերիմներին ինչ-որ բան ապացուցելու անհեթեթ մղումը, որն արդեն հանգեցրել է տասնյակ դեռահասների ինքնասպանության:

Երեւանի ամենակենտրոնում` Սարյանի փողոցի փոստատան դիմացի զբոսայգում եւ դեպի Հրազդանի կիրճ տանող թունելի արտացոլված սիմվոլներն «էմոների» կոդավորված քարոզչական կարգախոսներն են, որոնց բոլորի իմաստը` կյանքին վերջ տալու նպատակն է` «END»-ը: Այս նույն վայրում էմոականները երեկոյան ժամերին կոնկրետ ծիսակարգեր են կատարում, քննարկում են իրենցից մեկի ինքնասպանության (փորձի) «դետալները»: Եվ սա տեղի է ունենում իրավապահ մարմինների անտարբեր թողտվության պայմաններում: Այն դեպքում, երբ նույն իրավապահները  ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի դեմ պայքարելու մոլուցքով կարող են հարձակվել, ասենք, հանրահավաքի թռուցիկ փակցնող երիտասարդների վրա: Մինչդեռ ակնհայտ է, որ այս դեպքում իսկապես գործ ունենք հասարակությանն սպառնացող լրջագույն վտանգի հետ, որի դեմ պետք է պայքարեն ոչ միայն իրավապահները, այլեւ Ազգային անվտանգության ծառայությունն ու մնացած պետական կառույցները եւ Հայ առաքելական եկեղեցին: