Անդրադառնալով թերթերից մեկի այն հրապարակմանը, թե ինքը քնել է, երբ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները գործ են զեկուցելիս եղել, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել է. «Ցավոք, այդ հրապարակումը տպագրելիս թափանցիկությունը չի ապահովվել: Պետք է նաեւ գրեին, թե ինչ երազ եմ տեսել»: «ՉԻ»-ն փաստը հետեւյալ կերպ է մեկնաբանել. «Փաստորեն, գլխավոր դատախազի հումորը տեղն է, ինչի առիթով շնորհավորում ենք իրավապահ համակարգին:

Նկատենք սակայն, որ ՀՀ օրենսդրությունը չի կարգավորում բարձրաստիճան պաշտոնյաների երազների բովանդակությունն ու սյուժետային զարգացումների ընթացքը, այնպես որ՝ ՀՀ գլխավոր դատախազին իրավունք ունի տեսնել ցանկացած (այդ թվում՝ քրեորեն հետապնդելի արարքներ պարունակող) երազ: Փոխարենը ՀՀ օրենսդրությամբ ամրագրված է, որ պետական պաշտոնյաները կարող են քնել եւ զանազան երազներ տեսնել բացառապես ոչ աշխատանքային ժամերին, ինչը լիովին համահունչ է դատաիրավական համակարգի բարեփոխումների ժամանակակից  ծրագրին: Իսկ պրն. Հովսեփյանի երազի բովանդակության մասին, կարծում ենք, այդ կառույցի մամուլի ծառայությունը հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ»: