Շուշիից հետ է վերադարձվել Հայաստանից ներկրված ձմերուկը: Արցախի հակահամաճարակաբանները նիտրատների անթույլատրելի քանակ են հայտնաբերել վաճառքի համար ներկրված պտղում:
Արդեն մի քանի շաբաթ է` Արցախում խիստ վերահսկողություն է իրականացվում ձմերուկի վաճառքի նկատմամբ: Ամառային շրջանում թունավորումների հաճախացումը, հատկապես երեխանների շրջանում, չնայած բժիշկների հերքող հայտարարություններին, չեն փոխել հասարակական կարծիքը ամառային ամենահյութալի պտղի` ձմերուկի նկատմամբ: Արցախի կառավարության ղեկավարի հանձնարարականով սկսված հետազոտությունները հաստատել են ձմերուկի անուղղակի մեղքը: Հակահամաճարակաբանները պարբերական ստուգումների արդյունքում նիտրատների գերառկայություն են հայտնաբերել մի շարք դաշտերում աճեցված ձմերուկում: Նրանք հետազոտել են Արցախի 70 դաշտերի բերքը եւ 19-ում ազոտական պարարտանյութի գերօգտագործման փաստեր հայտնաբերել:
Դրան զուգահեռ` բժիշկները նաեւ նշում են, որ ամառվա ընթացքում հաճախացած սննդային թունավորումների դեպքերը ձմերուկի մեջ նիտրատների առկայության հետ կապ չունեն, այդ քիմիկատի վնասակար ազդեցությունը բացահայտվում է ոչ թե անմիջականորեն, այլ տարիների ընթացքում, խախտելով որոշ ներքին օրգանների աշխատանքը:
Արցախում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար սննդի անվտանգության ոլորտում իրավասություններ ունեցող կառույցների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով է ձեւավորվել:



















