Այսօր` հոկտեմբերի 2-ին Ոստիկանության Աշտարակի բաժնում հետաքննություն է սկսվել օգոստոսի 30-ին Երեւան-Գյումրի միջպետական ավտոմայրուղու 20-րդ կիլոմետրի հատվածում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Հիշեցնենք, որ այդ օրը, ժամը 14:30-ին նշված հատվածում միմյանց էին բախվել «Մերսեդես» C 300 մակնիշի 20 US 236 եւ «ԶԻԼ ՄԱԶ» մակնիշի 17 LU 520 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես NEWS.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածն այնքան ուժգին էր եղել, որ «Մերսեդեսի» հարվածից բեռնատարը շուռ էր եկել: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չէին եղել:
Վթարի վայր էին ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչները:
Մեր տեղեկություններով, «Մերսեդեսի» վարորդը եղել է Երեւանի Անդրանիկի փողոցի 44 շենքի բնակիչ 34-ամյա Արմեն Զաքարյանը, իսկ «ԶԻԼ ՄԱԶ» բեռնատարի վարորդը` Արագածոտնի մարզի Ափնագյուղ գյուղի բնակիչ 21-ամյա Ռաֆիկ Մելքոնյանը:
Այս պահին Աշտարակի ոստիկանության հետաքննության բաժինը նշանակել է փորձաքննություն, պարզելու համար վթարի իրական մեղավորներին:



Լուսանկարները` Գագիկ Շամշյանի





























