«Ժառանգություն» կուսակցությունը ցավակցել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Ամալյա Կոստանյանի մահվան կապակցությամբ: Ցավակցական ուղերձում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությունը մեծ հարված ստացավ. հսկայական էին մեր սիրելի Ամալիայի ներդրած ջանքերը` ուղղված քաղաքացիական հասարակություն ձեւավորելու նպատակին: Մեր անկախ պետականության կայացման անցած դժվարին հետագծի բոլոր հատվածներում Ամալիա Կոստանյանն, իր քաղաքացիական նկարագրով, խիզախությամբ, համարձակ նախաձեռնություններով եւ բարձր ինտելեկտով օժտված մարդուն հատուկ հմտություններով ու հայրենասիրությամբ, պաշտպանել է արդարությունը, նպաստել մեր երկրում օրինականության հաստատմանը եւ պետականության կայացմանը:
Ամալիա Կոստանյանի անժամանակ կորստի կապակցությամբ` «Ժառանգություն» կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին, հարազատներին եւ գործընկերներին, ինչպեսեւ Հայաստանի ամբողջ քաղաքացիական հասարակությանը»:
Հիշեցնենք, որ Ամալյա Կոստանյանի հոգեհանգիստը կկայանա հոկտեմբերի 2-ին ժամը 18.00-ից, ք. Երեւան, Ազատության 8, բն.13 հասցեում:
Հուղարկավորությունը` հոկտեմբերի 3-ին, ժամը` 14.00-ին, նույն հասցեից:




























