Վրաստանի եւ Ադրբեջանի կողմից համադաշնություն ստեղծելու գաղափարը երկու երկրների ղեկավարություններինն է, որը, սակայն, ավելի շատ ինֆորմացիոն PR ակցիա է, քան ռեալ իրագործվող նախագիծ։ Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով, նման ձեւաչափի կառույց ստեղծելը Վրաստանի եւ Ադրբեջանի համար բավականին դժվար կլինի հենց միայն այն պատճառով, որ երկու երկրները դեռեւս կայացած պետականություն չունեն։ «Այն հարցերը, որ կան Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ սկսած Վրաստանում բնակվող ադրբեջանցիների խնդիրներից մինչեւ տարանցման հետ կապված բարդությունները, թույլ չեն տա կյանքի կոչել այս գաղափարը»,- համոզմունք հայտնեց քաղաքագետը։
Նա նաեւ նշեց, որ համադաշնություն ստեղծելու գաղափարը առաջ է քաշել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ «փորձ անելով դուրս գալ տարածաշրջանային եւ անգամ միջազգային մեկուսացումից»:
«Հասկանալի է, որ Վրաստանն այսօր չունի ԱՄՆ ակնհայտ աջակցությունը։ Օբամայի վարչակազմի համար այդ երկիրն առաջնայնություն չի հանդիսանում»,- նկատեց Մինասյանը։ Նրա կարծիքով, համադաշնություն ստեղծելու հարցում, ի տարբերություն Սահակաշվիլիի, բավականին զգուշավոր մոտեցում է ցույց տալիս Ադրբեջանի նախագահը՝ հասկանալով, որ Վրաստանի հետ մերձեցումը վատ հետեւանքներ կարող է ունենալ Ռուսաստանի հետ իր հարաբերությունների վրա։ «Սակայն ինչ էլ որ լինի, ես համոզված եմ, որ համադաշնությունը չի ստեղծվի։ Սա արհեստական հետաքրքրություն առաջ բերող հարց է»,- ընդգծեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրենը։
Ամփոփելով՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ համադաշնություն ստեղծելու գաղափարը, եթե այնուամենայնիվ իրագործվի, հավասարապես վատ կանդրադառնա Հայաստանի եւ ջավախահայության վրա։ «Ադ հիպոթետիկ նախագիծը կյանքի կոչելուց Հայաստանում ինտուիտիվ կերպով զգուշանում են բոլորը»,- ասաց նա:
Նշենք, որ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆեդերատիվ հարաբերությունների հնարավոր ձեւավորման մասին Ադրբեջան կատարած այցի ընթացքում հուլիսին բարձրաձայնել էր Միխայիլ Սահակաշվիլին։




























