Հայաստանի Հատուկ քննչական ծառայության կարծիքով՝ մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման նպատակով ստեղծված եւ հետո լուծարված փաստահավաք խմբի անդամներ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը քաղաքական շահարկումներով են զբաղված:

ՀՔԾ-ն իր առարկություններն է ներկայացրել Փաստահավաք խմբի նախկին անդամների՝ ԱԺ-ին ներկայացրած 3-րդ զեկույցի վերաբերյալ: Հիշեցնենք, որ փաստահավաքի անդամներն այդ զեկույցում անդրադարձել էին ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքներին եւ նշել, որ նրա մահը վրա է հասել ոչ թե ցուցարարների արձակած կրակոցներից, այլ ընդհակառակը՝ թիկունքից, որտեղ կանգնած են եղել ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Ավելին, ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Տիգրան Աբգարյանին սպանել էին ընդհուպ կրակահերթով:

«Փաստահավաք խմբի անդամներ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ „Փորձագետների փաստահավաք խումբ ստեղծելու մասին“ ՀՀ Նախագահի կարգադրությամբ սահմանված փաստեր հավաքելու փոխարեն, քաղաքական շահարկումներ անելու նպատակով „ՀՀ ՈԶ 1033 զորամասի 2-րդ գումարտակի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները“ վերնագրված անվան տակ հրապարակել են իրենց հիվանդագին երեւակայության արդյունքները, որտեղ նպատակաուղղված եւ միտումնավոր խեղաթյուրել, կեղծել են ինչպես ստացված տեղեկությունները, քրեական գործի նյութերը, այնպես էլ Փաստահավաք խմբում հրավիրված անձանց բացատրությունները»,- ասված է ՀՔԾ հաղորդագրության մեջ: ՀՔԾ-ն նաեւ հայտնում է, թե Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները, նրան հրազենային վնասվածք պատճառած անձի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ քննությունը շարունակվում է, երբեք այն չի կասեցվել, առավել եւս` չի ավարտվել եւ շարունակվելու է, քանի դեռ բոլոր հանգամանքները չեն բացահայտվել: «Նախաքննությունը շարունակվում է նաեւ մյուս 9 անձանց մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ»,- 2008թ. մարտի 1-ից մեկուկես տարի անց Հատուկ քննչականի քննիչները հանրությանը համոզում են՝ հայտարարելով, թե փաստահավաք խմբի նախկին անդամներ Սեդա Սաֆարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի կողմից ներկայացված զեկույցը չի արտացոլում օբյեկտիվ իրականությունը:

Տիգրան Աբգարյանը ժամկետային զինծառայող էր, որը հրազենային վնասվածք էր ստացել 2008թ մարտի 1-ին՝ ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու ժամանակ: Աբգարյանը մոտ 40 օր գտնվում էր կոմայում եւ մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում 2008թ. ապրիլի 11-ին: Տիգրան Աբգարյանի վրա կրակած անձի ինքնությունը մարտի 1-ից մեկուկես տարի անց դեռեւս բացահայված չէ: