Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն համաձայնագիր են ստորագրել քրեական գործերի հետաքննության ընթացքում երկու կողմի իրավապահ մարմինների համագործակցության ընթացքում անհատական տվյալների պաշտպանության վերաբերյալ: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի (ԵՀ) հայտարարության մեջ, որը տարածել է Բրյուսելը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«2016-ի հունիսի 2-ին Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն այսպես կոչված «հովանոցային համաձայնագիր» են ստորագրել, որը իրավապահ մարմիններին քրեական գործերի հետաքննության շուրջ համագործակցության համար տվյալների համընդգրկուն պաշտպանություն է ապահովում: Համաձայնագիրը, մասնավորապես, բարելավում է ԵՄ-ի քաղաքացիների իրավունքները` նրանց ԱՄՆ-ի քաղաքացիների հետ համանման վերաբերմունք ապահովելով, երբ խոսքը ամերիկյան դատարաններում վնասի փոխհատուցման հայցով դիմելու մասին է », - ասված է դրանում:
Համաձայնագրում ընդգծվում է, որ «այն ընդգրկում է բոլոր անձնական տվյալները, որ փոխանակում են ԵՄ-ի ոստիկանության եւ արդարադատության մարմինները եւ ԱՄՆ-ի իշխանության դաշնային մարմինները քրեական հանցագործությունների, ներառյալ ահաբեկչությունը, կանխարգելման, հետաքննման, ի հայտ բերման եւ դատական հետապնդման նպատակով»: «Համաձայնագիրը կնպաստի իրավապահ մարմինների միջեւ համագործակցությանը` միաժամանակ հնարավորություն տալով ապահովել տվյալների փոխանակման օրինականությունը», - նշում է ԵՀ-ն:





























