Գերմանիայի հանդեպ Թուրքիայի սխալ քաղաքականությունն առանցքային դեր ունեցավ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Նրա խոսքով, Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերությունները վերջին շրջանում բավական սրվել էին: «Դա պայմանավորված էր միգրանտների խնդրի եւ Թուրքիայի խաղերի հետ, որը նպատակ ուներ Եվրոպայից, հատկապես՝ Գերմանիայից փողեր ստանալ: Այսինքն՝ Թուրքիան անազնիվ խաղ էր տանում: Մյուս կողմից՝ դեռ անցյալ տարի Գերմանիայի նախագահը խոսեց Հայոց ցեղասպանության մասին, եւ գործընթացը սկսվեց»,- նշեց Պապյանը:

Ըստ նրա, նաեւ չպետք է մոռանանք, որ Գերմանիան Հոլոքոստի ճանաչման բազմամյա փորձ եւ մեղքի զգացողություն ունի:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Բունդեսթագը հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: «101 տարվա հիշողություն Օսմանյան կայսրությունում Հայերի եւ քրիստոնյա այլ փոքրամասնությունների ցեղասպանության» վերնագրված բանաձեւում նշվում է, որ Գերմանիան ընդունում է պատմական այդ իրադարձությունների համար պատասխանատվության իր բաժինը, ինչպես նաեւ 1915 թվականի իրադարձությունները՝ հայերի տեղահանումն ու կոտորածները, ցեղասպանություն է ճանաչում: