Ամերիկացիների ավելի քան երկու երրորդը չի հավատում, որ ԱՄՆ նախագահ թեկնածուները՝ հանրապետական Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատական Հիլարի Քլինթոսնը կկատարեն իրենց նախընտրական խոստումները: Այս մասին են վկայում Quinnipiac University-ի անցկացրած սոցհարցման արդյունքները:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ընտրողների 39%-ը կարծում է, որ Թրամփը փորձում է «Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել այդ երկրի հաշվին», բայց չի հաջողվի: Եվս 29%-ը վստահ է, որ գործիչը նույնիսկ չի փորձի դա անել:
Ընտրողների 19%-ը հավատում է, որ Թրամփը կկարողանա ԱՄՆ-ից արտաքսել 11 մլն ապօրինի միգրանտներին, իսկ շուրջ 45%-ը կարծում է, որ նա կփորձի դա անել, բայց անհաջողության կմատնվի, 29%-ն էլ ընդհանրապես չի հավատում, որ նա նման փորձ կանի:
Շատ ավելի քիչ են ընտրողները հավատում Քլինթոնի խոստումներին: Նրանց 63%-ը չի կարծում, որ նախագահի պաշտոնում նա կփորձի «քաղաքականությունից հեռացնել փողերը» (ընդդիմախոսների մեղադրանքների ֆոնին հիմա նա հաճախ է դա խոստանում): Ամերիկացիները նույն կերպ են վերաբերվում ԱՄՆ-ում խոշոր բիզնեսի ազդեցության սահմանափակման հեռանկարներին:
ԱՄՆ-ում ընտրությունները նախանշված են նոյեմբերի 8-ին: Հանրապետականների եւ դեմոկրատների միասնական թեկնածուները կընտրվեն հուլիսին, կուսակցությունների համագումարներում:





























