Ամերիկյան Հյուսիսային Քարոլինա նահանգի բնակչուհին հարեւաններից 30 դոլարով գնած սառցարանում տարեց կնոջ մարմին է հայտնաբերել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով NBC News-ը:
Ամերիկուհին սառցարանը գնել է մայիսին: Միաժամանակ, նախկին տիրուհին տեղեկացրել է, որ դրանում մի քանի իրեր կան, որոնք անհրաժեշտ են կիրակնօրյա դպրոցի նախագծի համար: Նա խոստացել է, որ շուտով տեղի եկեղեցու ներկայացուցիչները կվերցնեն դրանք: Սակայն երեք շաբաթ ոչ ոք չի եկել, եւ կինը որոշել է բացել սառցարանը:
«Ես ցնցված էի: Արագորեն դուրս վազեցի տանից եւ 911 զանգահարեցի»,- պատմել է ամերիկուհին: Նա պնդում է, որ սառցարանում հարեւանուհու մայրն է:
Գոլսբորոյի ոստիկանությունում հաղորդել են, որ դիակի վրա բռնության հետքեր չկան: Կինը բնական մահով է մահացել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել մարդու մահվան մասին չտեղեկացնելու փաստով:
Ըստ WNCN-ի, տարեց կինը տարիներ շարունակ դստեր հետ է ապրել, սակայն անցյալ տարվա սեպտեմբերից նրան ոչ ոք չի տեսել: Ընդ որում, սառցարանը վաճառելուց հետո կինը հայտարարել է, որ մեկնում է Արեւմտյան Վիրջինիա՝ մորը ծերանոցից բերելու:





























