Կոմիքսների կանադացի հեղինակ, սցենարիստ Բլեյք Լեյբելը Լոս Անջելեսում դատարանի առաջ է կանգնել՝ ուկրաինացի ընկերուհուն՝ Յանա Կասիանին դաժանաբար սպանելու մեղադրանքով: Այս մասին գրում է Korrespondent-ը՝ վկայակոչելով The Washington Post-ը:
30-ամյա ուկրաինուհին երեք ամիս առաջ է Լեյբելից երեխա ունեցել: Նրա արնաքամ մարմինը հայտնաբերել են ենթադրյալ մարդասպանի ննջարանում: Մահը վրա հասնելուց առաջ աղջկան երեք օր շարունակ կտտանքների են ենթարկել:
35-ամյա Լեյբելն առավելապես հայտնի է սերիական մարդասպանի մասին «Սինդրոմ» վեպով: Կոմիքսի տեսարաններից մեկը սարսափելիորեն նման է այն ամենին, ինչ նա արել է իր սիրելիի հետ:
Երեխայի ծնվելուց կարճ ժամանակ անց զույգը բաժանվել է, եւ Յանան տեղափոխվել է մոր մոտ: Նա նախկին ընկերոջն այցելել է զրուցելու համար: Լեյբելը նաեւ մեղադրվում է սեռական բռնության մեջ, որը կատարել է սպանությունից մեկ շաբաթ առաջ, սակայն գրավի դիմաց ազատ է արձակվել:
Յանա Կասիանն Ուկրաինայում աշխատում էր հարկային տեսչությունում: Մարդասպանի հետ նրա ծանոթության հանգամանքները հայտնի չեն:
Բլեյք Լեյբելը հերքում է իր մեղքը, բայց եթե դատարանը մեղադրական դատավճիռ կայացնի, նրան կարող է մահվան դատավճիռ սպառնալ:





























