Շարունակելով Հայաստանում հաջող ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնել՝ Եվրոպական ներդրումային բանկը (EIB) պատրաստ է վարկավորել նաեւ երկրի մասնավոր հատվածը: «Հայաստանում նորարարությունների աջակցություն» համաժողովի ժամանակ այս մասին լրագրողներին ասաց EIB-ի Արեւելյան գործընկերության եւ Կենտրոնական Ասիայի երկրների բաժնի ղեկավար Հայնց Օլբերսը: Համաժողովը կազմակերպել են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, EIB-ն եւ Հայաստանի Զարգացման պետական հիմնադրամը:

«Մինչեւ հիմա մենք հիմնականում կենտրոնանում էինք ենթակառուցվածքային ծրագրերի վրա, օրինակ՝ տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում: Իսկ ապագայում այդ ծրագրերը թույլ կտան աշխատել նաեւ մասնավոր հատվածի հետ՝ ուշադրություն դարձնելով լավ պոտենցիալ ունեցող ձեռնարկություններին»,- հայտարարեց նա:

Հայաստանը լավագույնս է ներկայացել ֆինանսները նպատակայիյն ծախսելու առումով: Ըստ EIB ներկայացուցչի, հիմա պետությունը որոշակի դժվարություններ ունի, եւ բանկը կարող է աջակցել:

Ֆինանսավորման նոր հնարավորությունները հասանելի կլինեն Horizon 2020 նախագծի միջոցով, որին Հայաստանը միացել է մայիսի 19-ին՝ համաձայնագիր ստորագրելով Եվրահանձնաժողովի հետ:

Հիշեցնենք, որ եվրոպական Horizon 2020 ծրագրի ընդհանուր ծավալը 80 մլրդ եվրո է: Այն նախատեսված է ԵՄ-ում եւ հարակից երկրներում նորարարության աջակցման համար: