Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել` ցրելու ցուցարարներին, որոնք փողոցներ էին դուրս եկել   «Մենք սնունդ ենք ուզում» կարգախոսով, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

Նշվում է, որ նախագահի վարչակազմի շենքի մոտ են եկել հարյուրավոր ջղայնացած քաղաքացիներ, որոնք սնունդ են պահանջել: Նրանց ցրել է ազգային գվարդիայի զորքը եւ ոստիկանությունը: 

Նախնական տվյալների համաձայն, բողոքը սկսվել է, երբ մարդկանց խումբը փորձել է փախցնել խանութում հերթի մոտ կանգնած սննդամթերքով լի բեռնատարը: 

«Ես առավոտից այստեղ էի: Խանութներում եւ սուպերմարկետներում այլեւս սնունդ չկա: Մենք սոված ենք եւ հոգնել ենք», — հայտնել են բողոքի մասնակիցները:  

Երկրի իշխանություններն իրենց հերթին ընդդիմությանը մեղադրել են քաոս բորբոքելու համար եւ հայտնել են, որ վերահսկում են իրավիճակը: 

Վենեսուելայում իրավիճակը կրիտիկական բնույթ է ձեռք բերել ապրանքների պակասի, արագ աճող ինֆլյացիայի եւ պետության եկամտի անկման ֆոնին, որը պայմանավորված է նավթի գների նվազմամբ, ինչպես նաեւ իշխանության գործադիր եւ օրենսդիր թեւերի միջեւ ինստիտուցիոնալ ճգնաժամով, որը սկսվել է ընդդիմադիր խորհրդարանի աշխատանքի սկզբից ի վեր: