Հայոց ցեղասպանության մասին հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից ընդունված բանաձեւը պարունակում է որոշակի ակնարկ, որ այսօրվա Թուրքիան պատասխանատվության իր բաժինն ունի: Այս մասին հունիսի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայ դատի գրասենյակի ու ՀՅԴ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով Թուրքիան գործադրել է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի կանխի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը, սակայն Գերմանիայի խորհրդարանը գրեթե միաձայն ընդունել է փաստաթուղթը: Բանաձեւը, նրա կարծիքով, կարեւոր է նրանով, որ ընդունում է Գերմանիայի մասնակցությունը Թուրքիայի կատարած հանցագործություններին, նաեւ բարձրացնում թուրք ժողովրդի ներկա սերնդի պատասխանատվության հարցը: «Այս բանաձեւով Գերմանիան օրինակ է ծառայում մի շարք այլ երկրների համար, որոնք դեռ նման որոշում չեն կայացրել»,- շեշտեց Կիրո Մանոյանը: Այս հարցում Թուրքիայի հակազդեցությունը, հավելեց նա, իրականում խուճապային բնույթ ունի:

Հիշեցնենք, որ Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: