Գերմանիայի Բուդեսթագի կողմից ընդունված բանաձեւը մինչեւ այժմ ընդունված բանաձեւերից ամենալուրջն էր: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով, եթե ԵՄ-ի ամենաազդեցիկ եւ թելադրող երկրի բոլոր քաղաքական ուժերը Բուդեսթագում անխտիր միանում են այս տեքստին, ուրեմն սա արդեն պետության դիրքորոշումն է եւ այն դառնալու է Գերմանիայի քաղաքականությունը:
«Պետք է հասկանալ՝ նման երկրի պարագայում ինչքան աշխատանք պետք է տարված լինի, որ 3 էջից ավելի տեքստի բոլոր բառերը համաձայնեցված լինեն բոլոր քաղաքական ուժերի հետ: Սա լուրջ բան է, որը կարճաժամկետ դրսեւորում չի ունենալու, քանի որ բանաձեւում հստակ տեսանելի են քաղաքական հանձնարարականները, թե ինչ ուղղությամբ պետք է խնդիրը զարգանա: Գերմանիայի համբերությունը Թուրքիան հատել էր: Եկեք չմոռանանք, որ Դավութօղլուն էր ԵՄ-ի հետ միգրացիոն խնդրի հետ կապված հիմնական պայմանավորվածությունները ձեռք բերում: Էրդողանը թիրախի տակ էր վերցրել այն մարդուն, որը Եվրոպայի հետ համաձայնություն էր կայացրել եւ Դավութօղլուի հեռացումը պաշտոնից ընկալվեց Եվրոպայի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից հետ կանգնել: Այսպիսով Թուրքիային իր տեղը ցույց տվեցին»,-ասաց նա:
Ստեփան Սաֆարյանը նշեց, որ Գերմանիայի Բունդեսթագը բանաձեւում բավականին լուրջ ուղղություններ է ամրագրել՝ հայկական ժառանգության վերականգման, հայ-թուրքական հաշտեցման ուղղությամբ ֆինանսական միջոցների տրամադրման, Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու, Հայաստանի հետ սահմանը բացելու վերաբերյալ եւ այլն:
«Բանաձեւի կարեւոր մեսիջներն այն են, որ Թուրքիան ուզի թե չուզի, պետք է առերեսվի իր պատմության հետ: Այս բանաձեւը Թուրքիային ստիպելու է պատասխան գործողությունների դիմել, ուղղակիորեն առճակատման չի գնա, բայց ինչպես Ռուսաստանի պարագայում, այժմ էլ նախընտրելու է երրորդ հարթակներով գործել: Թուրքիան Ադրբեջանի ձեռքերով կփորձի ձախողված որոշումների կյանքի կոչումը, որոշակի դրսեւորումների պետք է սպասենք նաեւ կովկասյան թատերաբեմում, որովհետեւ Թուրքիայի համար նախընտրելի կլինի Ադրբեջանի միջոցով պատժել մեզ, ոչ թե Արեւմուտքին: Այսպիսով՝ պատերազմի ռիսկերն ավելի են մեծանում: Կարեւոր է, որ մենք խաղանք ճիշտ խաղ եւ չդառնանք մանրադրամ որեւէ մեկի հարաբերություններում»,-ասաց նա:
Նշենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների առջեւ: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։





























