Գերմանացիների մեծ մասը պաշտպանում է Բունդեսթագի ընդունած բանաձեւը, որը հայերի զանգվածային ջարդերը որակում է որպես ցեղասպանություն: Բանաձեւին կողմ է հարցվածների 74 տոկոսը: Այս մասին են վկայում ARD մեդիաընկերության  հրապարակած տվյալները: 18 տոկոսն էլ նշել է, որ այդ որոշումը սխալ քայլ էր:

Ընդ որում, հարցվածների 57 տոկոսը կարծիք է հայտնել, որ այդ բանաձեւի ընդունումը կարող է բացասաբար անդրադառնալ թուրք-գերմանական  հարաբերություններին: 91 տոկոսը կարծում է, որ Թուրքիային՝ որպես գործընկերոջ, չի կարելի վստահել: Նրան հուսալի է համարել հարցվածների 7 տոկոսը:

Հիշեցնենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա  փոքրամասնությունների առջեւ: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։