Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի պաշտոնի համար Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնի խոսքն այն մասին, որ եթե Թրամփն ընտրվի նախագահ՝ «Կրեմլում տոն կսկսվի», քանի որ ԱՄՆ –ն դրանից կթուլանա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Լրագրողները Պեսկովից հետաքրքրվել են, իրոք Կրեմլում տոն կլինի, թե ոչ:
«Իսկ ինչի՞ առթիվ»,- հռետորական հարցով է պատասխանել Պեսկովը՝ հավելելով, որ չի հասկանում հարցադրումը ու չի կարող դրան պատասխանել: Դրան ի պատասխան՝ լրագրողները ասել են, որ առիթն, ըստ երեւույթին Քլինթոնը գիտի:
Մեկնաբանելով նրա արտահայտությունները՝ Պեսկովը հիշեցրել է Վլադիմիր Պուտինի հետեւողական դիրքորոշման մասին, որն է. «Ռուսաստանն ի տարբերություն մի շարք այլ երկրների՝ շահեկան տարբերություն ունի՝ մենք երբեք չենք միջամտում այլ պետությունների ներքին գործերին»:
«Դրա համար էլ բնականաբար մենք համարում ենք, որ ԱՄՆ նախագահի համար լավագույն թեկնածուն կլինի նա, ում համար կքվեարկի ամերիկացիների մեծամասնությւոնը՝ Միացյալ նահանգների ընտրական համակարգի բոլոր առանձնահատկություններով հանդերձ»,- ասել է նա:





























