Գերմանիայի ԱԳՆ-ն չի կարող կանխատեսել Թուրքիայի դեսպանի վերադարձը Բեռլին: Այս մասին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Սավսան Չեբլին, փոխանցում է RIA Novosti-ն:
«Մենք նախօրեին տեղեկություն ենք ստացել, որ դեսպանին հետ են կանչել Անկարա խորհրդատվությունների համար: Երբ նա կվերադառնա եւ ինչ հետեւանքներ կարող են առաջանալ, ես չեմ կարող ասել»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ ոչ մի կանխատեսում չի կարող անել:
Նրա խոսքով՝ իրենք սպասում էին թուրք գործընկերների սուր արձագանքին, սակիայն գերատեսչությունը հույս ունի, որ թեմաների լայն օրակարգը, որոնք կապում են Թուրքիային եւ Գերմանիային, կպահպանվի:
«Արտգործնախարար Շթայնմայերը նույնպես բազմիցս մատնանշել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսության անհրաժեշտությունը»,- հավելել է նա:
Նշենք, որ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը, որտեղ նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հարկադիր տեղահանության եւ ջարդերի ենթարկված հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների առջեւ: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Բունդեսթագը ցավում է, որ ժամանակին Գերմանիայի կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել՝ կանգնեցնելու մարդկության դեմ հանցանքը, որի համար Բունդեսթագն ընդունում է Գերմանիայի պատմական պատասխանատվությունը։





























