Սաուդյան Արաբիան հունիսի 5-ին նվազեցրել է նավթի գները Եվրոպայի գնորդների համար, միաժամանակ բարձրացնելով դրանք ԱՄՆ-ի համար, հայտնում է he Wall Street Journal–ը:

Saudi Aramco պետական նավթային ընկերությունը հուլիսին հում նավթի մեկ բարելի գինը՝ մատակարարումներով հանդերձ նվազեցրել է 35 ցենտով հյուսիս-արեւմտյան Եվրոպայի համար ու 10 ցենտով՝ միջերկրական տարածաշրջանի երկրների համար: Նման որոշում, ինչպես հայտնում է WSJ–ը, անսովոր է, քանի որ սովորաբար նավթի պահանջարկը աճում է տարվա երկրորդ կեսին: Բացի դրանից նավթային շուկայում առաջարկի վրա ազդում են Նիգերիայի նման երկրներից նավթի մատակարարումների խափանումները:

Միաժամանակ ԱՄՆ –ի համար նավթի մեկ բարելի գինը աճել է 20 ցենտով: Բացի դրանից, բացառությամբ Extra Light–ի՝  սաուդյան նավթի բոլոր տեսակների գները բարձրացել են նաեւ Ասիայի համար: Ասիայում հիմա մերձավորարեւելյան Oman եւ Dubai նավթի տեսակների գները 60 ցենտով թանկացել են: ԱՄՆ-ում Arab Light-ի արժեքը հիմա 55 տոկոսով բարձր է տարածաշրջանային մակարդակից, հայտնում է Bloomberg–ը:

Հունիսի 2-ին ՕՊԵԿ երկրները, այդ թվում Սաուդյան Արաբիան, նորից չկարողացան համաձայնության գալ նավթի արդյունահանումը սահմանափակելու հարցում, ինչը հանգեցրեց նավթի գների կարճաժամկետ անկման: Լրատվամիջոցների տեղեկություններով վառելիքի արդյունահանման սառեցման մասին որոշումն արգելափակել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդաար Զանգանեն: