Վենեսուելայի նախկին առաջնորդ Ուգո Չավեսը, որը 2013-ին մահացել է սրտի կաթվածից, ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից «վերացվել է» նանոզենքի օգնությամբ, գրում է վենեսուելական կառավարամետ Aporrea պարբերականը: Բացի այդ, խնդում են, թե ԱՄՆ-ն ծրագրել է լատինաամերիկյան եւս վեց առաջնորդի ոչնչացումը նման եղանակով:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Չավեսը սպանվել է ԱՄՆ-ի նախաձեռնությամբ հատուկ տեսակի նանոզենքի օգնությամբ, որը նանոմասնիկներ է տեղափոխում, որոնք ի վիճակի են տարբեր տեսակի հիվանդություններ առաջացնել, օրինակ` սրտի կաթված, ուղեղի արյան շրջանառության խանգարում, շնչառության կանգ եւ շփոթմունք, հայտնում է Lenta-ն:
Aporrea-ի տեղեկությունների համաձայն, ամերիկացիները նախատեսել էին եւս մի քանի լատինաամերիկացի առաջնորդի ոչնչացնել: Պարբերականը նշում է, որ նախաձեռնությունը հաջողությամբ է պսակվել միայն երկու դեպքում. Չավեսի վերացումից բացի, նման եղանակով ոչնչացվել է Արգենտինայի նախկին նախագահ Նեստոր Կիրշները (մահացել է 2007-ին քներակի անսպասելի արգելափակումից հետո): Մնացած հինգ լատինաամերիկացի առաջնորդի մոտ (Ֆերնանդո Լուգո, Դիլմա Ռուսսեֆ, Լուիս դա Սիլվա, Քրիստինա Կիրշներ եւ Խուան Սանտոս), ծանրության տարբեր մակարդակի քաղցկեղ է դիտարկվում:
«Նանոզենքը կարող է ծրագրավորվել ակտիվացման ժամանակի համար: Օգտագործումից հետո մարդու օրգանիզմում ոչ մի հետք չթողնելով` քայքայվում է: Այն գնդաձեւ է եւ տրամագիծը 200 նանոմետրից պակաս է կազմում: Նանոզենքի ներմուծման ուղիներն են` օրալ, ներարկումային, ներմաշկային եւ շնչառական», — ասված է հաղորդագրության մեջ:
Aporrea պարբերականը նշում է, որ նանոզենքի մշակումը սկսվել է ԱՄՆ-ում` 2003-ին, երկրի այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշ կրտսերի նախաձեռնությամբ: Այդ նպատակի համար 3,7 մլրդ դոլար է տրամադրվել, իսկ մշակման գործում հիմնական դերն իբր հատկացվել է գործարար եւ կենսատեխնոլոգ Ռոբերտ Լենգերին:
Վենեսուելայի ԶԼՄ-ները ամերիկացիներին բազմիցս մեղադրել են երկրի առաջնորդի առողջության նկատմամբ ոտնձգության համար: Նյութում, որը հրապարակել է Aporrea-ն, ներկայացվում է իբր օգտագործված նանոզենքի պատկերը եւ թվարկվում են նրա թողած բացասական հետեւանքները, բայց մանրամասնորեն չի նկարագրվում նրա գործողության մեխանիզմը, բացակայում են փորձագետների մեկնաբանությունները, փորձարարական եւ վիճակագրական տվյալներ:





























