Իսրայելը եւ Թուրքիան առաջընթացի են հասել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանակցություններում, բայց առաջվա մակարդակին չեն վերադառնա, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Երուսաղեմի հարցերով նախարար Զեեւ Էլկինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Երկրները ռազմավարական գործընկերներ էին, սակայն իրարից հեռացան Թուրքիայում իսլամիստների իշխանության գալու եւ Թուրքիայի արտաքին քաղաքականության` եվրոպական ինտեգրացիայից դեպի արաբամահմեդական աշխարհում դիրքերի ամրապնդում վերակողմնորոշման ֆոնին: Փոխադարձ սառեցման գագաթնակետ դարձավ  «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպը.   2010-ին իսրայելցի «հատուկ ջոկատայինների» կողմից այն նավերի գրավումը, որոնք խախտում էին Գազայի սեկտորի արգելափակումը, ինչպես նաեւ նավարկության մասնակից ինը թուրքի մահը:

«Առաջընթաց կա, բայց մինչեւ վերջնագիծը դեռ հեռու է: Ամեն դեպքում Իսրայելն իրեն հույս չի տալիս Թուրքիայի հետ առանձնահատուկ մտերիմ եւ ներանձնական հարաբերությունների հաստատման առումով: Թուրքիան իրեն շատ անկայուն է պահում Իսրայելի նկատմամբ: Այդ պատճառով եթե հաջողվի մի փոքր կարգավորել իրավիճակը, դա լավ է, բայց առանձնահատուկ մտերիմ հարաբերություններ չենք սպասում», բանակցություններին առաջընթացի մասին տեղական ԶԼՄ-ների հաղորդագրություններն է մեկնաբանել գործակալության զրուցակիցը: 

Մոսկվա այցի նախօրեին, ուր նա կուղեկցի Բենյամին Նեթանյահուին, Էլկինն ասել է, որ իսրայելա-թուրքական կարգավորման բանակցությունները ռուսական կողմի մոտ առարկություն չեն առաջացնում: 

«Ես չեմ կարծում, թե Ռուսաստանը որեւէ առարկություն ունի Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ պոտենցիալ կարգավորման առումով: Սկզբունքորեն, Ռուսաստանը միշտ Մերձավոր Արեւելքում լարվածության առավելագույն թուլացման օգտին է հանդես գալիս, բայց, բնականաբար, եւ Ռուսաստանը, եւ Իսրայելը լավ հասկանում են, որ խոսքը Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ նախկին լավ հարաբերությունների վերականգնման մասին չէ, եթե այդ պայմանագիրը ստորագրվի: Առայժմ չեմ կարող ասել, թե դա երբ տեղի կունենա», — ասել է նախարարը, որն Իսրայելի ռազմաքաղաքական կառավարության անդամ է եւ Նեթանյահուի վստահված անձն է համարվում: 

ԶԼՄ-ների տվյալներով, անցյալ տարվա վերջից նախապատրաստվող կարգավորման մասին համաձայնագիրը, բացի Թել Ավիվ եւ Անկարա դեսպանների վերադարձից, կետ է ներառում Թուրքիային իսրայելական բնական գազի մատակարարման մասին ներքին պահանջարկի բավարարման եւ եվրոպական շուկաներ տարանցման համար: