Գերմանիայի նախագահ Յոահիմ Հաուկը բացատրել է, որ ցանկություն չունի իր թեկնածությունն առաջադրել նախագահական հաջորդ ժամկետի համար տարիքի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Ես շնորհակալ եմ, որ ինձ լավ եմ զգում: Գուցե ինձ համար ուղղակի ակնհայտ է դարձել, որ կյանքի` 77 եւ 82 տարվա միջեւ ընկած հատվածը եւ այն տարիքը, որում այժմ ես եմ, լրիվ տարբեր բաներ են: Ես կարող եմ ապագա 5 տարվա ժամկետի համար էներգիա եւ կենսունակություն խոստանալ, որը ես չեմ կարող երաշխավորել», — երկուշաբթի Բեռլինում լրագրողներին հայտնել է Հաուկը: 

Նրա խոսքով, ինքը կշարունակի կատարել իր վրա դրված պարտականությունները, ինչպես հարկն է, մինչեւ 2017-ի մարտի 17-ը: Հաուկը ծնվել է 1940-ի հունվարի 24-ին: Մեծ է հավանականությունը, որ նրան կվերընտրեին լիազորությունների հաջորդ ժամկետի համար:   

Որպես հնարավոր ժառանգորդ, Spiegel-ը մի քանի թեկնածու է նշում. ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն, խորհրդարանի խոսնակ Նորբերտ Լամմերտը, պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը եւ Քրիստոնյա-սոցիալական միության հողային բաժանմունքի ղեկավար  (Անգելա Մերկելի գործընկերը իշխող կոալիցիայում) Հերդա Հաասելֆելդը: Ընդ որում, ամենահավանականը համարում են Լամմերտի թեկնածությունը, գրում է պարբերականը:   

Գերմանիայի նախագահը հիմնականում ներկայացուցչական գործառույթներ ունի, այդ պաշտոնի լիազորությունների ժամկետը հինգ տարի է: Հաուկը նախագահ է 2012-ի մարտի  18-ից: