Մինչեւ 2016 թվականի ավարտը Հայաստանը դրամաշնորհներ կտրամադրի օրգանական գյուղատնտեսության մի քանի տասնյակ նախագծերի իրականացման համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի գյուղնախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Միջոցները կտրամադրվեն 3.3 մլն եվրո ծավալով եռամյա ծրագրի շրջանակում: Նշված միջոցներից շուրջ 1.3 մլն եվրոն դրամաշնորհային աջակցություն է, մյուս մասը կտրամադրվի տեխնիկական աջակցության, արտահանման զարգացման, ինչպես նաեւ օրգանական ֆերմերային կուլտուրաների եւ արտադրության համար:

Գյուղնախարարությունը ներկայում ամփոփում է միջին եւ խոշոր բիզնեսից ստացված դրամաշնորհային հայտերի արդյունքները: Ծրագրվում է 25-30 նախագիծ ընտրել: Երկրորդ փուլում ընտրություն կկատարվի արդեն ոչ մեծ ձեռնարկությունների եւ ֆերմերային կոոպերատիվների շրջանում: Երկու խմբերում էլ նախագծերը պետք է ընտրվեն մինչեւ տարեվերջ:

Արդեն ստացված նախագծերում չրերի, մեղրի արտադրություն է, օրգանական գինեգործություն եւ նույնիսկ էկոտուրիզմ:

Ընտրություն անցած հայտերը տեղում կգնահատեն մասնագետները: Իհարկե, այսպես թե այնպես, սովորական գյուղատնտեսությունից օրգանականին անցման համար ժամանակ է ահրաժեշտ, այդ թվում՝ հողի մաքրման համար: Բայց կան վայրեր, որտեղ նա սկզբունքորեն անհնար է, օրինակ՝ քիմիական ձեռնարկությունների մերձակայքում: Այդ պատճառով, ըստ Հարությունյանի, հարկավոր է ստուգել նախագծերի իրականացման համար նախատեսվող վայրերը:

Հայտեր են ընդունվում ե՛ւ նրանցից, ովքեր արդեն օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու սերտիֆիկատ ունեն, ե՛ւ նրանցից, ովքեր ցանկանում են այն ստանալ: Մրցույթում հաղթելու դեպքում վերջինները պետք է դիմեն սերտիֆիկացման համար: