Երեքշաբթի` հունիսի 7-ին լեհական զինված ուժերի պատմության մեջ խոշորագույն զորավարժություններն են սկսվել ՆԱՏՕ-ից գործընկերների մասնակցությամբ, որոնք կոչվում են «Անակոնդա-2016»: Զորավարժությունների նպատակն է «ստուգել դաշինքի հնարավորությունը նրա արեւելյան թեւի պաշտպանության առումով», Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերեւիչին է մեջբերում AFP գործակալությունը:
Զորավարժությանը կմասնակցի 3000 միավոր ռազմատեխնիկա, այդ թվում` տանկեր, 105 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, 12 նավ եւ 31 հազար զինծառայող 24 երկրից, այդ թվում` բունդեսթագի 400 ներկայացուցիչ: 10-օրյա զինավարժություններին հրավիրված են նաեւ ուկրաինական եւ վրացական զինվորականներ:
Զորավարժությունների հայեցակարգի համաձայն, դաշնակիցները պետք է դիմակայեն արեւելքից, առանց պատերազմի պաշտոնական հայտարարության, հարձակմանը: Զինվորականները, ի թիվս այլ բաների, կսովորեն հետ մղել հարձակումներն օդից, ինչպես նաեւ պատրաստվել գործողությունների քիմիական, կենսաբանական կամ միջուկային զենքի օգտագործման դեպքում:
Պլանի համաձայն, զորավարժությունները կավարտվեն հունիսի 17-ին, հուլիսի 8-9-ին Վարշավայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից երեք շաբաթ առաջ: Լեհ զինվորականները «Անակոնդա» զորավարժություններն անցկացնում են տարին երկու անգամ, սկսած 2006 թվականից, հայտնում է DW-ն:





























