Տարածաշրջանում իրավիճակի սրումից հետո մերձավորարեւելյան երկրները կտրուկ ավելացրել են զենքի ներմուծումը, գրում է The Guardian–ը վկայակոչելով հետազոտության տվյալները:

Զեկույցի հիմքում 2013-ի տվյալներն են: Ըստ դրա՝ մատակարարումները մեկ տարում 342 մլն դոլարից աճել ու հասել են ռեկորդային 630 մլն դոլարի: Ընդ որում տարածաշրջանային առաջատարներ են դարձել ՄԱԷ-ն ու Սաուդյան Արաբիան: Ուշագրավ է, որ այդ երկրները առեւտրի ոլորտում ամենաքիչ թափանցիկ երկրներին են հաշվետու լինելու տեսակետից:

Ինչ վերաբերում է արտահանողներին՝ ապա աշխարհում թեթեւ զենքի վաճառքի առաջնորդ է ԱՄՆ-ն, որը 2013-ին 1.1 մլրդ դոլարի հրաձգային զենք է վաճառել: Հետո արդեն Իտալիան է ( 644 մլն դոլարով) ու Գերմանիան ( 557 մլն դոլարով): Այդ պետություններին է բաժին հասել ամբողջ համաշխարհային արտահանման գրեթե 40 տոկոսը:

Ռուսաստանը ութերորդ տեղում է հրաձգային զենքի արտահանումով (տարեկան մինչեւ 499 մլն դոլար) ու 11-րդ տեղում՝ ներմուծումով (մինչեւ 99 մլն դոլար)

Թերթը նշում է, որ այս տվյալները ցույց չեն տալիս զենքի համաշխարհային առեւտրի իրական ծավալները գնումների գործընթացի ոչ թափանցիկ լինելու պատճառով: Բացի դրանից դրանք ստիպում են մտածել այն մասին, թե որքան մեծ դերակատարում ունի զենքի վաճառքը Սիրիայի, Իրաքի ու Լիբիայի հակամարտություններում: