Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (ՀԿՀ-USC) Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը նախաձեռնում է «Հայկական Սփյուռք. ընտրովի ղեկավարություն եւ համաշխարհային կառույց» խորագիրը կրող գիտաժողով: Այն նպատակ ունի հասնել հայկական միասնությանը նպաստող ռազմավարության մշակմանը: Մեկօրյա գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 20-ին, համալսարանի Town & Gown սրահում:
Գիտաժողովի բանախոսներն են` Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դեքմեջյանը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, փաստաբան Մարկ Գիրագոսը, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը, լրագրող եւ հեղինակ Մարկ Արաքսը, պրոֆեսոր Հրայր Դեքմեջյանը (ՀԿՀ), պրոֆեսոր Ստեփան Հ. Աստուրյանը (Կալիֆորնիայի համալսարան, Բերքլի), դոկտոր Կայծ Մինասյանը (Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ, Փարիզ), Արշալույս Ճգնավորյան-Ազենբաուերը (ավագ խորհրդական, Միավորված ազգերի կազմակերպություն, Վիեննա), պրոֆեսոր Լեւոն Մարաշլյան (Գլենդեյլի համայնքային քոլեջ) եւ պրոֆեսոր Էնդրյու Դեմիրճյանը (Կալիֆորնիայի նահանգի համալսարան, Լոնգ Բիչ):
Գիտաժողովի մասնակիցները կդիտարկեն աշխարհասփյուռ հայերի միասնական կառույց հիմնադրելու հնարավորությունը, որը կկարողանա ներկայացնել համայն աշխարհի հայությանը` բացառությամբ Հայաստանի եւ Արցախի հայերի, որոնք արդեն ընտրովի կառավարություններ ունեն:
Ընտրված ներկայացուցիչների այսպիսի հավաքական մարմինը կարող է իրավացիորեն հայտարարել, որ ներկայացնում է Սփյուռքի հայությանը:
Ընտրված ղեկավարությունն, առաջին անգամ լինելով կարող է միջազգային մի կազմակերպություն ստեղծել` հզոր քաղաքական եւ տնտեսական կարողությամբ, որն ի վիճակի կլինի նպաստել հայկական շահերին, պահպանել մշակութային արժեքներն ու պաշտպանել հայության իրավունքները:



























