Հանրապետական կուսակցությունն իր կենսագրության ողջ ընթացքում երբեք արեւմտյան, արեւելյան, հյուսիսային կամ հարավային տրանսֆորմացիաներ իր մեջ չի կրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի այն պնդմանը, թե Հայաստանում Արեւմուտքը հեղափոխական տրնասֆորմացիա է իրականացնում եւ ՀՀԿ-ն ենթարկվում է այդ տրանսֆորմացիային, հետեւապես անցնելու է հաջորդ խորհրդարան:
«Հանրապետականը, որպես ազգային պահպանողական կուսակցություն, իր քաղաքական շահերը կառուցել է Հայաստանի ներքին հասարակական-քաղաքական հետաքրքրությունների շրջանակում: Իսկ թե ո՞ր քաղաքական ուժը ինչ տրանսֆորմացիոն հոսանքների մեջ է ընկղմված կամ պատրաստվում ընկղմվել, ես չեմ կարող ասել, քանի որ դա քաղաքական վերլուծություններով զբաղվող անհատների գործն է: Ես դժվարանում եմ ասել, թե ինչ է նկատի ունեցել պարոն Մանուչարյանը՝ նման տեսակետ արտահայտելիս»,-արձագանքեց ՀՀԿ-ականը: NEWS.am-ը նկատեց, որ տրանսֆորմացիոն հեղափոխության դրսեւորումներից մեկը, ըստ Մանուչարյանի, ՀՀԿ-ն երիտասարդականացնելու մասին հայտարարություններն են, որոնք հնչեցվում են տարբեր ՀՀԿ-ականների կողմից: Երիտասարդ ՀՀԿ-ականն այսպես արձագանքեց. «Որեւէ կուսակցության երիտասարդացումը արհեստական եղանակով՝ դա առաջին հերթին հարվածում է հենց այդ կուսակցության գործունեությանը: Եւ պատահական չէ, որ ՀՀԿ-ի հաջողություններից մեկն էլ այն է, որ ՀՀԿ-ն զերծ է մնացել ցանկացած արհեստական խմորումներից կամ արհեստական ճանապարհով իր ներսում ինչ-որ գործընթացներ իրականացնելիս: ՀՀԿ-ի երիտասարդացումը բնական ընթացք է եղել բոլոր ժամանակահատվածներում: Եւ չեմ էլ կարծում, որ այսօր մենք ունենք ՀՀԿ-ն երիտասարդացնելու խնդիր»:
Ի դեպ, տեւական ժամանակ է՝ խոսակցություններ են պտտվում, թե ՀՀԿ-ում «հին դեմքերից» ազատվելու գործընթաց է ընթանում եւ հաջորդ խորհրդարանում ՀՀԿ-ն ներկայացված է լինելու թարմ ու երիտասարդ դեմքերով: Այդ նպատակով, ըստ լուրերի, այժմ ՀՀԿ-ում ընթանում է նոր դեմքերի անդամագրում:


























