Հայ-թուրքական հարաբերություններում լարվածությունը կթուլանա, երբ լուծվի Ղարաբաղի խնդիրը: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, Բեռլինում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` անդրադառնալով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Դեռեւս 2005-ին եւ 2009-ին ջանքեր էին գործադրվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման համար»,-ասել է նա:

Կանցլերի խոսքով, Գերմանիան շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմության վերանայման համար. «Մենք կողմ ենք պատմաբանների հանձնաժողովը ստեղծելուն, եւ ես այդ մասին խոսել եմ թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի ղեկավարությունների հետ»:

Ինչ վերաբերում է Էրդողանի հայտարարությանը, թե Գերմանիայի խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին քվեարկած թուրք պատգամավորների արյունը պետք է անալիզի ուղարկել, որպեսզի ստուգեն, թե արդյոք նրանք իրականում թուրք են, Մերկելը նշեց, որ նրանք ազատ ընտրված պատգամավորներ են, եւ Գերմանիան չի հասկանում Թուրքիայի նման արձագանքը: