Հոկտեմբերի 5-ին Երեւանում Լեզուների եվրոպական օրվա կապակցությամբ կրթական տեղեկատվական տոնավաճառ է կազմակերպվում: Այն նախաձեռնել է Բրիտանական խորհուրդը, Երեւանում DAAD-ի տեղեկատվական կենտրոնը եւ Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան Միացյալ Թագավորության եւ Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը եւ Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմանադրամի ռեկտոր Ժոել Լը Մողզելեկը:

Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, ժամը 15.30-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում` Դավիթ Անհաղթի 10 հասցեով:

Նշենք, որ Քեմբրիջյան Լեզուների հանրագիտարանի տվյալներով աշխարհում այսօր կան 6000-ից ավելի լեզուներ, ընդ որում կան լեզուներ, որոնցով խոսում են 1000-ից էլ քիչ մարդ:

2001-ը Եվրախորհուրդն ու Եվրամիությունը հայտարարել էին լեզուների եվրոպական տարի:  Եվ հենց 2001 թվականին եվրոպական այդ երկու կառույցները սեպտեմբերի 26-ը հայտարարեցին Լեզուների Եվրոպական օր: 9 տարի է, ինչ այս օրը տոնում են Եվրամիության եւ Եվրախորհրդի անդամ երկրներում:

«Լեզվական անհանդուրժողականությունը կարելի է հաղթահարել լեզուների ուսումնասիրման եւ մշակույթների ըմբռնման միջոցով, որն անգլերենում հնչում է որպես understanding, ֆրանսերենում` comprehension, իսլանդերենում` skilningur, էստոներենում` mõistmine, իռլանդերենում` tuiscint, լեհերենում` zrozumienie, իսկ մակեդոներենում` razbiranje»,- օրվա առթիվ ելույթ ունենալով` նշել է Եվրախորհրդի նախարարների խորհրդի նախագահ Անտոնիո Միլոշոսկին:

Եվրախորհուրդը խրախոսում է Լեզուների Եվրոպական օրվա նշումը ողջ տարվա ընթացքում եւ քաջալերում անդամ երկրների ավելի քան 800 միլիոն քաղաքացիներին սովորել օտար լեզուներ:

Եվրախորհուրդը մշակել է Լեզուների երաշխավորման համաեվրոպական շրջանակ (Common European Framework of Reference for Languages), որի նպատակն է սահմանել լեզուների գնահատման մեկ ընդհանուր սանդղակ:  Այսօր աշխարհում ընդունելի եւ ճանաչելի դարձած այդ սանդղակով լեզուների իմացությունը գնահատվում է A1-ից մինչեւ C2 աստիճան, ուր A1-ը համարվում է լեզուների իմացության նախնական, իսկ C2-ը` կատարյալ մակարդակ:

Կրթական տոնավաճառի ընթացքում կներկայացվի Լեզուների երաշխավորման համաեվրոպական շրջանակը, իսկ Հայաստանում աշխատող միջազգային կազմակերպությունները կներկայացնեն իրենց կրթական եւ զարգացման ծրագրերը: