Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի հետ Խանտի Մանսիյսկում զրուցել է «Ազերիսպորտի» թղթակիցը: Ստորեւ ներկայացնում ենք նրանց զրույցը:

Ո՞րն էր Ադրբեջանի հավաքականից կրած ձեր պարտության պատճառը:

Մենք ուղղակի ձախողեցինք այդ հանդիպումը, ամբողջ թիմով: Ես ինքս Մամեդյարովի հետ պարտիայի սկզբնախաղում անհաջող քայլ ընտրեցի, հետո վերականգնվեցի, կարող էի նույնիսկ հաղթել ու դարձյալ ինչ-որ բան այնտեղ չնկատեցի: Այս մրցաշարում մենք հարեւանների հետ վատ խաղացինք: Երեւի, ուզում ենք բարելավել հարաբերությունները երկրների միջեւ (ժպտում է):

Այդուամենայնիվ, Ադրբեջանը մնաց առանց մեդալի: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ:

Ֆավորիտները ոչ միշտ են ցույց տալիս այն, ինչ իրենցից սպասում են: Մենք կրկնակի օլիմպիական չեմպիոններ ենք, իսկ այստեղ մանկական սխալներ էինք անում: Նույնը եւ ձեր թիմի հետ էր: Ադրբեջանը շատ ուժեղ թիմ ունի, բայց եղան մի քանի անհաջողություններ, որոնք խանգարեցին իրականացնել նպատակները:

Չեխ Նավարայի հետ դուք չորս ժամ խաղացիք եւ վերջում ստիպեցիք հանձնվել: Սկզբունքի խնդի՞ր էր:

Պարտիայի ընթացքում ես մեկ անգամ առաջարկեցի ոչ ոքի, իսկ նա հրաժարվեց եւ ասաց, որ մինչեւ վերջ է խաղալու: Նա երկու անհաջող քայլ արեց, որից հետո արդեն ես չհամաձայնեցի ոչ ոքիի: Երեւի, այնուամենայնիվ, ես նրան շփոթեցրի:


Արդեն որերորդ անգամ մենք հետեւում ենք, թե ինչպես են Օլիմպիադայում առաջատարներն իրենց ուսերի վրա տանում թիմերին: Համաձա՞յն եք:

Ուզում եք ասել, որ ես թույլ չտվեցի թիմին խայտառակվել (ծիծաղում է): Դե, այս Օլիմպիադան մեզ համար իսկապես չստացվեց: Մի տեսակ դժվար է հավաքվել, երբ երկու անգամ հաղթել ես այս մրցաշարը: Մենք կարծես հագեցել ենք դրանից:

Աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը կանցկացվի Կազանում եւ ոչ թե Բաքվում:

Մի նեղացեք, բայց ինձ համար իհարկե ավելի հարմար է խաղալ Կազանում: Կարեւորը, որ լավ խաղ ստացվի: